Ու դարձնեն պայքարի համար անպիտանի. Վաղարշապատի ընտրությունները վկա
Ի՞նչ… Հուսահատվե՞լ… Հուսահատվել և այն էլ ինչի՞ց՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում Քեմալական պայմանագրի կամ Նիկոլ հայադավի ոհմակի կեղծ ու պյուռոսյան հաղթանակից…
Թե՛ հայի, թե՛ քրիստոնյայի պարագայում հուսահատվելը բացառված է: Կրկնում եմ՝ ԲԱՑԱՌՎԱԾ Է: Ձեր ազգային ինքնությունը, ձեր հավատը, ձեր հոգին քննեք այս չափանիշով ու տեսեք՝ համապատասխանո՞ւմ եք դրան, ինքներդ ձեզ և Աստծո առաջ կարո՞ղ եք ձեզ հայ կամ քրիստոնյա, առավել ևս հայ քրիստոնյա համարել…
Սիրելի գաղափարակից, հավատակից ընթերցող, գիտեմ, հիմա՝ այս տողերն ընթերցելիս, ձեզանից ոմանք գուցե ամաչում են իրենց թուլության ու թեկուզ ժամանակավորապես հուսահատվելու համար: Մի՛ մոռացեք՝ Հայաստանի վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) պետական դավաճանության արդյունքում մենք կորցրել ենք Արցախի Հանրապետությունը, որի համեմատ Վաղարշապատի ընտրություններում ընդդիմության ձախողումը մի չնչին բան է: Կորցրել ենք, բայց անցած ժամանակաընթացքում չենք հուսահատվել՝ առաջինը գիտակցելով, որ դրա իրավունքը չունենք, քանի որ հետևում Հայաստանն է, մեր սրբություններն են, Հայաստանի և հայության գոյությունն է, որը մեր հուսահատությամբ իրավունք չունենք վտանգելու:
Եվ երկրորդ՝ մեր այդ անչափ թանկ կորուստը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է. միասին, միասնաբար Նիկոլի և իր ոհմակի հարցերը ՄԵՐՁԵՎՈՎ լուծելուց հետո (երբ գա ժամանակը, այդ գործում ամենքս մեր անելիքը կունենանք…) հետ ենք բերելու Արցախը: Գիտեմ նաև, որ հիմա հարցնում եք՝ բա ե՞րբ, ե՞րբ… Ահա հակիրճ պատասխանս. Արևմուտք- Ռուսաստան ներկայիս պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո: Պատերազմ, որում Ռուսաստանը կարող է միայն հաղթել, իսկ եթե, Աստված մի արասցե, բանը հասնի պարտությանը, որն անխուսափելիորեն կվտանգի իր, որպես պետություն, գոյությունը, ինչպես նախատեսված է ՌԴ Միջուկային դոկտրինով, միջուկային զենք կիրառել, որին անմիջապես կհաջորդի միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ ու ՎԵՐՋԻՆ համաշխարհային պատերազմը: Այն ժամանակ, եթե հասցնեք, որքան ոզում եք հուսահատվեք, իսկ մինչ այդ եկեք պայմանավորվենք, որ չենք հուսահատվելու:
Նկատելով համացանցի հայկական տիրույթում երեկ սկիզբ առած հուսահատության դրսևորումները, ամերիկաբնակ քահանա տեր Սերոբ Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է .
«Հայրենիքի, հաւատքի եւ սրբութեան համար պայքարում, սովորէք երբէք չյուսահատուել։
ԵՐԲԷ՛Ք»
Սա էլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, ապօրինաբար ազատազրկված և ազատազրկման վայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքն է, որը հավանաբար նույնպես նկատել է հայության մի մասի շրջանում նկատվող հուսահատության դրսևորումները.
«Մենք ապրող ազգ ենք, մենք մեռնող ազգ չենք: Ոտնահարված, թերարժեք զգալու խնդիր չկա: Պետք չէ կենտրոնանալ մեր դժբախտությունների վրա. պետք է կենտրոնանալ մեր հաջողությունների, ձեռքբերումների վրա: Մեր դժբախտությունները նաև մեր մեղքերի, մեր սխալների հետևանք են, պակաս հայրենասիրության հետևանք են, պակաս ազգային արժանապատվության հետևանք են: Սրանք բոլորը պետք է սրբագրել ու առաջ գնալ»:
Այո, ինչպես Միքայել սրբազանի այս խոսքին արձագանքելով, ճիշտ էր նկատել ընկերներիս մեկը, պետք է «Հետևություններ անել, աննահանջ պայքարել և հաղթել վճռականությամբ:
Իրենք պարտվելու են քանի որ իրենք պայքարում են աթոռի, իսկ մենք Հայրենիք, պետություն, եկեղեցի և ազգային արժեքներ ունենալու համար:
Եվ իրենք մտածում են, որ կհաղթեն. բացառվում է… »:
Ֆեյսբուքի օգտատերերից Հայկ Մովսիսյանի գրառումն էլ հիասթափության ու Վաղարշապատի ընտրություններում դրա արդեն հայտնի հետևանքի մասին է, հիասթափություն, որը մինչև ընտրություններն էլ արդեն կար հասարակության ընդդիմադիր հատվածի շրջանում, իսկ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ավելի աճեց.
«Պետք է լուռ, կազմակերպված և համառ շարունակել պայքարը: Հեռացնել նիկոլին իշխանությունից հենց ժողովրդի ձեռքով:
Վաղարշապատի վերջին ընտրությունները ցույց տվեցին մի շատ կարևոր բան․ անգամ այն դեպքում, երբ իշխանությունը օգտագործում է իր ամբողջ վարչական, մարդկային և կազմակերպական ռեսուրսները, հաղթանակը ստացվում է միայն մեկ բանով՝ ցածր մասնակցությամբ։
Երբ ընտրություններին մասնակցում է ընտրողների ընդամենը 45%-ը, իսկ հաղթած թեկնածուն ստանում է ընդամենը 21․8% ընդհանուր ընտրազանգվածից, իրականում դա այլևս քաղաքական հաղթանակ չէ․
դա պարզապես մասնակցության բացակայության հետևանք է։
Այսինքն՝
ոչ թե ուժ է հաղթել,
այլ՝ մարդկանց անօրինակ հիասթափությունն ու լռությունը։
Եվ հենց սա է ամենամեծ դասը։
Ինչ է ցույց տալիս այս ընտրությունը
Մեկ օրինակ՝ եթե մասնակցությունն այս ընտրությանը լիներ 60-65%, արդյունքը կլիներ արմատապես այլ։
Ինչու սա պարտություն չէ, այլ նախազգուշացում և հնարավորություն
Այս ընտրությունը փաստեց՝
որ իշխանության ազդեցությունը չափազանցված է, իսկ հասարակության մեծ մասը դեռ սպասող է, ոչ թե անտարբեր։
21.8%-ը չի կարող ներկայացնել ողջ համայնքը։
Սա ոչ թե մեծամասնություն է, այլ պարզապես ավելի կազմակերպված փոքրամասնություն։
Իսկ երբ մի կողմը կազմակերպված է, իսկ մյուսը՝ ոչ, արդյունքը կանխատեսելի է։
Հաղթում է ոչ թե ամենաբարդ ծրագրով ուժը, այլ ամենաինստիտուցիոնալը։
Ժողովրդավարական պայքարը կազմակերպչական աշխատանք է»:
Նկատի ունենանք և չմոռանանք, որ Նիկոլ հայադավը և իր իշխանությունը, իր ոհմակը հնարավոր ամեն ինչ արել են, որ հասարակության ընդդդիմադիր հայացքներ, կողմնորոշում ունեցող հատվածում հուսահատություն ու հիասթափություն սերմանեն, և Սատանայի այդ երկու զորավոր զենքերով հնարավորինս շատերին խոցեն ու դարձնեն պայքարի համար անպիտանի:
Հենց հիասթափություն ու հուսահատություն սերմանելուն էր նպատակաուղղված, Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից նաև նշված նպատակով է օգտագործվել և օգտագործվում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ հոգևորականների դեմ ուղղված լկտի ու զրպարտչական քարոզարշավը: Եվ, ուրեմն, ջուր չլցնենք Սատանայի և նրա ծառա Նիկոլի ջրաղացին, թույլ չտանք, որ մեր հոգին ճարակեն, մեր հոգուն տիրեն հիասթափությունն ու հուսահատությունը:
Արթուր Հովհաննիսյան